Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր

Ս.թ. հուլիսի 5-6-ը «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների   հարմարվողականության ներուժի բարձրացում» դրամաշնորհային ծրագրի ամբողջական փաթեթի մշակման նպատակով «ԲԾԻԳ» ՊՀ-ի էկոկրթական ծրագրերի իրականացման բաժնի պետի ժ/պ Ռ. Շահազիզյանը, գլխավոր ֆինանսիստի ժ/պ Ս. Անանյանը և ծրագրում ընդգրկված փորձագետները աշխատանքային այց կատարեցին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքներ: Այս անգամ Դիլիջան քաղաքում տեղի ունեցան հանդիպումներ «Էկոպոլիսի» բնապահպանական կենտրոն ՀԿ-ի, «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ի, «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ-ի, «Դիլնետսերվիս» ՀԿ-ի, «Դիլիջան» թերթի և ռադիոյի ներկայացուցիչների հետ: Մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների   հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի նպատակի, խնդիրների, առանձնահատկությունների և նախատեսվող այն միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք կարող են նպաստել բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը: Աղավնավանք, Խաչարձան և Հաղարծին գյուղերի վարչական պատասխանատուների և բնակիչների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում քննարկվեցին լրացուցիչ այն աշխատանքների ցանկը, որոնք բնակիչները ցանկանում են իրականացնել: Դրանք հիմնականում վերաբերվում են հատապտղային, բանջարային և պտղատու տեսակների նոր սորտերի ներդրմանը: Բնակիչների կողմից առանձնակիորեն կարևորվեցին բույսերի պաշտպանության աշխատանքները: Նրանք առաջարկեցին գիտելիքների բարձրացման բաղադրիչում անպայման ընդգրկել բույսերի պաշտպանության վերաբերյալ թեմաներ: Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներում՝ ծրագրում ընդգրկված փորձագետների մասնակցությամբ քննարկվեցին ծրագրով նախատեսված աշխատանքները՝ շեշտադրելով կլիմայի փոփոխության պայմաններում էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման կարևորությունը: Բոլոր բնակավայրերում բնակիչների հետ քննարկվել են ընդհանուր օգտագործման (արևային ջրատաքացուցիչներ, չորանոցներ, ջերմատներ) կառույցների արդյունավետ օգտագործման կազմակերպչական խնդիրները: Ընդհանուր էր այն կարծիքը, որ նպատակահարմար է համայնքում ստեղծել համատեղ օգտագործողների խմբեր և դրանց միջոցով կառավարել այդ կառույցները: Միաժամանակ առաջարկներ եղան, որ հնարավորության սահմաններում  չորանոցներ և ջերմատներ տրամադրվեն բազմազավակ ընտանիքներին, որը մեծ չափով կլուծի սոցիալական մի շարք խնդիրներ: Մասնակիցների կողմից կարևորեցին նաև գիտելիքների բարձրացման աշխատանքները: Ցանկություն հայտնվեց, որ սեմինարների թեմատիկայում ընդգրկվեն այնպիսի նյութեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսության աշխատանքների վարման արդյունավետության բարձրացմանը, էկոզբոսաշրջության զարգացմանը, նոր մշակաբույսերի ներդրմանը, դեղաբույսերի վերամշակման հնարավորությունների բացահայտմանը: Բնակիչների կարիքների բացահայտման նպատակով նախօրոք մշակված հարցաթերթիկներով Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներում   սկսվել են  հարցումներ: Շահագրգիռ կողմերին ներկայացվել են «Տեխնոլոգիական գործողությունների պլանի պատրաստում», «Կլիմայական Տեխնոլոգիաների և տարածման խոչընդոտների հաղթահարում» ուղեցույցները, ինչպես նաև  կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության «Տեխնոլոգիական գործողություններ» պլանները: Նշվել է դրանց կարևորությունը դրամաշնորհային ծրագրային հայտերի մշակման գործընթացում: Դիլիջան քաղաքի, Աղավնավանք, Խաչարձան, Հաղարծին գյուղերի, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքների բնակիչներին, ՀԿ-ներին և կամավոր միություններին տրամադրվել են ուղեցույցներ և «Տեխնոլոգիական գործողություններ» պլաններ: