2022 թ․ օգոստոսի 5-ին շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանն ու ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցներ աշխատանքային այցով գտնվում էին Արարատի մարզում։
Աշխատանքային այցի ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ միասին շրջայց կատարեցին Ուրցաձոր և Շաղափ վարչական միավորներում «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում կառուցված 2085 և 3400 մետր երկարությամբ ոռոգման ցանցերի տարածքներում, քննարկումներ ունեցան ծրագրի շահառուների հետ։
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2019 թվականին մեկնարկած քառամյա Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝ բարձրացնելով հարմարվողականության մակարդակը: Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:
Ուրցաձոր և Շաղափ վարչական միավորներում ոռոգման ցանցի կառուցումը իրականացվել է ծրագրի «Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում» բաղադրիչի շրջանակներում։ Հաշվի առնելով Արարատի մարզում կլիմայի փոփոխության պայմաններում ոռոգման ջրի ծավալների նվազումը՝ խնդիր է դրվել կառուցել ոռոգման նոր ջրագծեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխմանը կամ նվազեցմանը։ Ավելին, միջոցառումը կունենա նաև սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, քանի որ կոռոգվեն պտղատու, հատապտղային և բանջարեղենային մշակաբույսերի մշակման նպատակով օգտագործվող նոր հողատարածքներ, ինչն էլ իր հերթին վարչական միավորների բնակիչներին կապահովի հավելյալ եկամուտներով։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մարտին։ Միջոցառման ուղիղ շահառուներ են հանդիսանում վարչական միավորների 150 բնակիչներ, մինչդեռ միջոցառման արդյունքներից անուղղակիորեն կօգտվեն վարչական միավորների բնակիչների մեծ մասը։