Աշխատանքային քննարկում Նարեկի համայնքապետարանում

2019 թ-ի ապրիլի  12-ին «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատանքային խումբը տնօրենի տեղակալ Ս. Բալոյանի գլխավորությամբ «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում գործուղման մեկնեց Նարեկ համայնք:Գործուղման նպատակն էր՝

  1. Նարեկ համայնքում դիտարկել ծրագրի շրջանակներում կաթիլային ոռոգմամբ պտղատու այգիների հիմնման աշխատանքների ընթացքը:
  2. Համայնքի ավագանու հետ քննարկել քամու ուժը մեղմող ծառաշերտի ստեղծման նախընտրելի տարածքները և տնկվող ծառերի տեսականին:

Խումբը այցելեց բոլոր այն տարածքները, որտեղ նախատեսված է հիմնել կաթիլային ոռոգմամբ պտղատու այգիներ: Աշխատանքները ավարտվել են նախատեսված 10,57 հա տարածքի վրա:  Տնկվել են դեղձենի, ծիրանենի, սալորենի և այլ պտղատու ծառատեսակներ: Ներկայումս  տնկիների ջրումը կատարվում է ջրատար մեքենաներով: Ավագանու անդամների հետ քննարկվեց քամու ուժը մեղմող ծառաշերտերի ստեղծման հնարավորությունները: Քննարկումների արդյունքում հստակեցվեց, որ ծառատունկը պետք է կատարվի այնպիսի տարածքներում որոնք կարող են ապահովվել ոռոգման ջրով և հիմնականում այնպիսի պտղատու ծառատեսակներով, որոնք հետագայում կարող են օգտագործվել համայնքի բնակիչների կողմից:

Որոշ հատվածներում նպատակահարմար է ծառաշերտերի ստեղծման համար օգտագործել նաև դեկորատիվ տեսակներ:  Քննարկվեց նաև ծառաշերտերի հետագա խնամքի և պահպանության հարցը: Գործուղման մասնակիցների կողմից նշվեց, որ ծառաշերտերը պետք է խնամվեն և պահպանվեն համայնքապետարանի միջոցներով: Այդ նպատակով համնայնքապետարանի հետ կկնքվի համաձայնագիր, որով համայնքը կընդունի «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից հիմնված արդյունքը և կպարտավորվի կազմակերպել պահպանությունը: Համաձայնագրի նախագիծը հանձնվեց համայնքի ղեկավարին՝ հետագա քննարկումների համար: