Հանրային քննարկում Նարեկ համայնքում

Ս.թ. հունվարի 24-ին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի  շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը, բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի պետ Մ. Թովմասյանը և էկոկրթական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Միրզոյանը աշխատանքային այցով Արարատի մարզի Նարեկ համայնքում էին:

Գործուղման նպատակն էր՝

  1. Նարեկ համայնքում կազմակերպվող հանրային լսումների մասնակիցներին «Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
  2. Ծրագրով նախատեսված գործողությունների քննարկումը:
  3. Ծրագրի տարածքների ընտրության հիմնավորումը և համայնքի բնակիչների կարծիքների հավաքագրումը:
  4. Պոտենցիալ շահառուների ընտրության չափորոշիչների քննարկումը և նախնական ցանկի հստակեցումը:

Համայնքապետարանում հանդիպում էր կազմակերպվել հանրային լսումների մասնակիցների հետ: Ներկա էին համայնքապետը, ավագանու անդամները և համայնքի բնակիչները:  Համայնքի ղեկավար Գ.Հակոբյանի ծրագրի վերաբերյալ համառոտ տեղեկատվությունից հետո Ս.Բալոյանը մասնակիցներին համառոտ տեղեկատվություն տրամադրեց «Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի» մասին և մանրամասն  ներկայացրեց ծրագրի բաղադրիչները և յուրաքանչյուր բաղադրիչով նախատեսվող գործողությունների շրջանակը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ հողերի չեզոք դեգրադացիային կարելի հասնել հիմնականում այն դեպքում, երբ բարձրանում է մարդկանց գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության պայմաններում առկա մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Կարևորվեց նաև ոռոգման ջրի խնայողության, միկրոկլիմա ստեղծող ծառաշերտերի ստեղծման և հողերի բերրիության բարձրացման խնդիրները. որոնց արդյունավետ լուծումը կնպաստի բերքատվության բարձրացմանը, բնակիչների եկամուտների ավելացմանը և գյուղատնտեսական ու բնական լանդշաֆտների վրա մարդածին ճնշման նվազեցմանը :

Մասնակիցների բազմաթիվ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ

Որոշվեց՝

  1. Սկսել շահառուների դիմումների ընդունումը,
  2. վերջնական հստակեցնել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման և կենսահումուսով պարարտացման տարածքները,
  3. ընտրել ճանապարհների այն հատվածները, որտեղ կստեղծվեն ծառաշերտեր,
  4. որպես համայնքային ներդրում առաջարկել բնակիչների կողմից կենսահումուսով պարարտացումը, այգիների նախապատրաստումը կաթիլային ոռոգման համար և մշակության աշխատանքները: