Կայացավ Հայաստանի հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացմանն ուղղված ծրագրի հերթական աշխատաժողովը

2023թ․ ապրիլի 28-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս համայնքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ ծրագրի թիրախային համայնքներում ծրագրի հիմնական նպատակների, ինչպես նաև տարեկան աշխատանքային պլանի ներկայացման նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի շուրջ 4000 հա դեգրադացված հողերի վերականգման պլանը՝ ըստ փուլերի։

Աշխատաժողովին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ով հանդիսանում է նաև ծրագրի ազգային համակարգողը և կառավարման խորհրդի նախագահը, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի առաջատար տեխնիկական մասնագետ Կարոլինա Սթարը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի փոխտնoրենի պաշտոնակատար Արմեն Խոջոյանը, նույն հիմնարկի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը, ով հանդիսանում է նաև ծրագրի կառավարման խորհրդի քարտուղարը, ծրագրի ղեկավար Անի Սիրականյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի, Սյունիքի մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։