Կանաչ Կլիմա Հիմնադրամի ծրագրերի վերաբերյալ գլոբալ համաժողով Հարավային Կորեայում

2019թ. օգոստոսի 17-ից -25-ը Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում տեղի ունեցավ «Կանաչ Կլիմա» Հիմնադրամի ծրագրերի վերաբերյալ գլոբալ համաժողով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 135 զարգացող երկրներից: ՀՀ-ից, որպես ազգային լիազոր մարմնի ղեկավար, մասնակցում էր Շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանը, և «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը՝ որպես հավատարմագրված կազմակերպության ղեկավար: Համաժողովի հիմնական նպատակ էր պարզել, թե ինչպես են երկրները կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումները ներառում իրենց ազգային գերակայություններում:

Մ. Գալստյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԿԿՀ Քարտուղարության ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ երկկողմանի հանդիպում երկրների ծրագրավորման ստորաբաժանման թիմի հետ, որոնց ժամանակ քննարկվել են ինչպես «ԲԾԻԳ» ՊՀ-ի հավատարմագրմանը հաջորդող գործողությունների, այնպես էլ վերջինիս կողմից ներկայումս իրականացվող «Պատրաստվածության աջակցություն» ծրագրի կատարման ընթացքի, մասնավորապես՝ Երկրի ծրագրի մշակման հարցում ունեցած առաջընթացի հետ կապված հարցեր: Որպես պանելիստ, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենը մասնակցել է ուղիղ հասանելիություն ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը նվիրված քննարկմանը, որը վարում էր ԿԿՀ Պորտֆելի կառավարման գրասենյակի ղեկավար Ս. Մալիկը:

Հանդիպումների ընթացքում պարզաբանվել են ԿԿՀ-ի և «ԲԾԻԳ» ՊՀ-ի միջև կնքվելիք Հավատարմագրման գլխավոր պայմանագրի որոշ դրույթներ, մասնավորապես՝ Բողոքարկումների անկախ մեխանիզմի ստեղծման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «ԲԾԻԳ» ՊՀ-ի մեկ աշխատակցի գործուղել ԿԿՀ՝ Բողոքարկումների անկախ մեխանիզմի վերաբերյալ հոկտեմբերին կայանալիք եռօրյա սեմինարին մասնակցելու նպատակով:

ԿԿՀ-ն պատրաստակամություն է հայտնել իր փորձագետներին գործուղել Հայաստան «Պատրաստվածության աջակցություն» ծրագրի շրջանակներում նախատեսվող 2 ծրագրային հայեցակարգերի մշակման հարցում անվճար տեխնիկական օժանդակություն տրամադրելու նպատակով: