2019 թվականի փետրվարի 14-ին «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ն Կանաչ Կլիմայի Հիմնադրամի «Պատրաստավածության աջակցություն» ծրագրի շրջանակներում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպել էր հերթական սեմինար-խորհրդակցությունը «Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» խորագրով: Հիմնական նպատակը Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև հնարավոր փոխգործակցության շրջանակը ներկայացնելն էր, ինչպես նաև ֆինանսավորման համար ծրագրերի ընդհանուր շրջանակն ու պայմանները։ «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Մերուժան Գալստյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին և ներկայացրեց կլիմայի փոփոխության հետևանքները, միջազգային կազմակերպությունների մոտեցումներն ու ֆինանսավորման նոր գործիքները: Նախագծի փորձագետներ Վ. Բաբայանը և Տ. Սուքիասյանը ներկայացրեցին Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ծրագրերը, գործունեության նկարագրությունը, հիմնական նպատակներն ու թիրախները ինչպես նաև դոնոր երկրներն ու հիմնադրամի կառուցվածքը: Մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել նաև Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու, ֆինանսական գործիքակազմի /դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ և կապիտալ ներդրումներ/, և հիմնադրամի օժանդակությամբ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի մասնակիցներին տրամադրվեց Կանաչ Կլիմայի Հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ «Բնապահպանական Ծրագրի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի կողմից հրատարակված համառոտ ձեռնարկները: Շահագրգիռ քննարկում ծավալվեց, որի արդյունքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ: