2019 թվականի մայիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում Հարմարվողականության Հիմնադրամի Քարտուղարությունը Չիլիի միջազգային զարգացման գործակալության (AGCID) հետ համատեղ կազմակերպել էր Ազգային իրականացնող մարմին (ԱԻՄ) երկրների փորձառության փոխանակման ծրագիր: Հանդիպումը հուրընկալեց Չիլիի միջազգային զարգացման գործակալությունը՝ ջրերի կառավարում և գյուղատնտեսություն թեմայով: Հնգօրյա ժամկետում ծրագիրը միավորել էր տասնմեկ հավատարմագրված Ազգային Իրականացնող Մարմինների /ԱԻՄ/ Անտիգուայից և Բարբուդայից, Հայաստանից, Կոստա Ռիկայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Միկրոնեզիայի դաշնային պետություններից, Յամայկայից, Մեքսիկայից, Պանամայից, Սենեգալից, Հարավային Աֆրիկայից և Տանզանիայից: Երկրների փորձառության փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր «Բնապահպանական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն պրն. Մերուժան Գալստյանը: Ինչպես նշվեց, հանդիպման թեման ջրերի կառավարումն ու գյուղատնտեսությունն էր, որի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն տրվեց ուղղակիորեն փոխգործակցել նմանատիպ ծրագրերում ներգրավված շահառուների հետ: Երկրների փորձառության փոխանակումը ձևավորեց ուսուցողական մոտեցում, նաև քննարկումների ժամանակ մասնակիցները կիսվեցին նախագծերի իրականացման իրենց սեփական փորձով, որն էլ ուսումնառությունը դարձրեց երկկողմանի գործընթաց: Երկրների փորձառության փոխանակման ծրագրի շրջանակներում պրն. Մերուժան Գալստյանը ստորագրեց և Հարմարվողականության Հիմնադրամի Խորհրդի կառավարչին հանձնեց «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի համաձայնագիրը: Տվյալ ծրագրի հիմնանպատակն է նվազեցնել տեղական համայնքների կլիմայական ռիսկի հանդեպ խոցելիությունը և կլիմայի փոփոխությանը հարմարվելու նպատակով հզորացնել տեղական ինստիտուցիոնալ կարողությունների մակարդակը: