Կայացավ «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի ավարտական սեմինարը

2019 թվականի մայիսի 30-ին Երևան քաղաքի «Ցենտրալ Հոթել» համալիրի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության ամրապնդման և անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի հիմնական արդյունքների ամփոփումը և ծրագրի շրջանակներում մշակված ու հրատարակված ժողովածուների ներկայացումը: Սեմինարին մասնակցում էին բնապահպանության նախարարության, «Արփի լիճ» ազգային պարկ», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Էրեբունի» արգելոցապարկային համալիր», «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցները, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան, CNF հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:

Բացման խոսքում «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն Մ. Գալստյանը նշեց Ծրագրի կարևորությունը դասընթացների մասնակիցների տեղեկացվածության և գիտելիքների բարձրացման գործում: Այնուհետև Ծրագրի արդյունքները և «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների բնական և մշակութային արժեքները» ժողովածուն ներկայացրեց ԲԾԻԳ ՊՀ-ի էկոկրթական ծրագրերի բաժնի պետ Ռ. Շահազիզյանը, իսկ «Բնության հատուկ պահպանվող տարածքների բնագավառը կարգավորող իրավական ակտերը» ժողովածուն՝ ԲԾԻԳ ՊՀ-ի իրավաբան Ա. Մկրտչյանը: Ծրագրի արդյունքների և ժողովածուների վերաբերյալ կարծիքներ հայտնեցին բնապահպանության նախարարության աշխատակիցները, «Էրեբունի» արգելոցապարկային համալիր» և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների տնօրենները:

Սեմինարի ավարտին բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներին տրամադրվեց «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների բնական և մշակութային արժեքները» (30-ական օրինակ) և «Բնության հատուկ պահպանվող տարածքների բնագավառը կարգավորող իրավական ակտերը» (7-ական օրինակ) ժողովածուները: