Կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

2022 թվականի փետրվարի 3-ին Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարության համակարգմամբ ու Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ) Ա․ Մազմանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա․ Իսպիրյանը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գ․ Մաչանյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Եսոյանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հ․ Ղահրամանյանը և այլ պաշտոնատար անձինք։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։
Կարևորելով պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են առկա ներուժն ամբողջությամբ և արդյունավետ իրացնելու հնարավորությունները և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները՝ հանուն Հայաստանի «կանաչ» ապագայի։
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Ա. Մակարյանը հանդես է եկել «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» ծրագրի 2021 թվականին իրականացված գործողությունների և արդյունքների վերաբերյալ զեկույցով:
Ներկայացվել են ծրագրի աշխատանքների կատարման տարեկան ժամանակացույցում և գնումների պլանում առաջարկվող փոփոխությունները։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: