«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2019 թվականին մեկնարկած քառամյա Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝ բարձրացնելով հարմարվողականության մակարդակը: Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:
Գոշ և Խաչարձան վարչական միավորներում ոռոգման ցանցի կառուցումը իրականացվել է ծրագրի «Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում» բաղադրիչի շրջանակներում։ Հաշվի առնելով Տավուշի մարզում կլիմայի փոփոխության պայմաններում ոռոգման ջրի ծավալների նվազումը՝ խնդիր է դրվել կառուցել ոռոգման նոր ջրագծեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխմանը կամ նվազեցմանը։ Ավելին, միջոցառումը կունենա նաև սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, քանի որ կոռոգվեն պտղատու, հատապտղային և բանջարեղենային մշակաբույսերի մշակման նպատակով օգտագործվող նոր հողատարածքներ, ինչն էլ իր հերթին վարչական միավորների բնակիչներին կապահովի հավելյալ եկամուտներով։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մարտին, ավարտվել՝ օգոստոսին։ Միջոցառման ուղիղ շահառուներ են հանդիսանում վարչական միավորների 45 բնակիչներ, որոնք կազմում են վարչական միավորների նախկինում ջրազուրկ բնակիչների մեծ մասը։
Աշխատանքի շրջանակներում մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնց հիման վրա որպես իրականացնող կազմակերպություն ընտրվել է «Արտարս» ՍՊԸ-ն։
Ոռոգման ցանցի և խմոցների հանձման արարողությանը մասնակցեցին «ԲԾԻԳ» ՊՀ-ի, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները, Դիլիջան խոշորացված համայքնի ղեկավար Դավիթ Սարգսյանը և վարչական միավորների ներկայացուցիչներ։