Կայացան «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի Մեկնարկային աշխատաժողովը և Կառավարման խորհրդի անդրանիկ նիստը

2022 թվականի մարտի 26-ին «Թեժ լեռ» հյուրանոցում (Լոռու մարզ, գ․ Շահումյան, Դիլիջան-Վանաձոր մայրուղու 24-րդ կմ) տեղի ունեցան «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկային աշխատաժողովը և կառավարման խորհրդի անդրանիկ նիստը։

Մեկնարկային աշխատաժողովին և կառավարման խորհրդի նիստին մասնակցեցին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» ծրագրի թիմի, կառավարման խորհրդի անդամներ, շահակիցներ, համայնքների ներկայացուցիչներ, «ԲԾԻԳ» ՊՀ-ի աշխատակիցներ, ինչպես նաև այլ հրավիրված անձինք: Տեսակապի և ձայնագրված ուղերձների միջոցով միջոցառումներին միացան նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներ։

Մեկնարկային աշխատաժողովը ավարտվեց լիցքավորման կայանների և էլեկտրոմոբիլների բացօթյա ցուցադրությամբ։

«Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ համաձայն «ԲԾԻԳ» ՊՀ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի միջև կնքված պայմանագրի։

Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Վերջինիս նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները տրանսպորտի ոլորտում՝ խթանելով անցումը էլեկտրական շարժունակությանը։ Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագիրը բաղկացած  է 3 բաղադրիչներից, որոնք ներկայացված են ստորև՝

  • Բաղադրիչ 1. Ցածր ածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում
  • Բաղադրիչ 2. Կարճաժամկետ արգելքների վերացում ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով
  • Բաղադրիչ 3. Քաղաքականության մշակում պիլոտային ծրագրի փորձի հիման վրա՝ ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով

Ծրագրի երեք բաղադրիչները սերտորեն փոխկապակցված են: Բաղադրիչ 1-ը կստեղծի համապարփակ ռազմավարական և ինստիտուցիոնալ հիմք ինչպես ծրագրի, այնպես էլ՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացման համար՝ այդպիսով ապահովելով ծրագրի արդյունքների կայունությունը վերջինիս ավարտից հետո: Առանց հստակեցված դերերի և ռազմավարական ուղղությունների անհնար կլինի խթանել քաղաքականության և նորմատիվ-իրավական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել ցուցադրական ծրագրի կայունությունն ու վերարտադրելիությունը: Մյուս կողմից, Բաղադրիչ 2-ի շրջանակներում իրականացվող էլեկտրական մեքենաների գնումների ազգային ցուցադրական ծրագիրն էական նշանակություն ունի որոշում կայացնողների շրջանում էլեկտրական շարժունակության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման և ռազմավարական կոնսենսուսի ձեռքբերման, ինչպես նաև Բաղադրիչ 3-ով նախատեսված քաղաքականության և նորմատիվ-իրավական բնույթի նախաձեռնությունների մշակման համար: Բաղադրիչ 3-ը կապահովի քաղաքականության և համապատասխան կարգավորող դրույթների շրջանակ էլեկտրական շարժունակության ռազմավարության իրականացման համար։