«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում դաշտամիջյան ճանապարհների հանձնում Դիլիջան խոշորացված համայնքին

2022 թվականի մարտի 9-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խոջոյանը և ՊՀ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցներն աշխատանքային այցով մեկնեցին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Դիլիջան քաղաք, Աղավնավանք, Գոշ, Թեղուտ, Խաչարձան, Հաղարծին վարչական շրջաններ, որտեղ տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»  դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված դաշտամիջյան ճանապարհների պաշտոնական հանձնումը համայնքին։

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»  դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2019 թվականին մեկնարկած քառամյա Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝  բարձրացնելով հարմարվողականության մակարդակը: Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված  և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:

Շուրջ 25000 գծամետր դաշտամիջյան ճանապարհների վերակառուցման և 38 ջրահեռացման խողովակային անցումների տեղադրման իրականացված աշխատանքների շնորհիվ համայնքում բարձրացել է հեռագնա արոտավայրերի հասնելիությունը, իսկ մոտակա արոտավայրերի ծանրաբեռնվածությունը նվազել է։

Դաշտամիջյան ճանապարհների հանձման արարողությանը մասնակցեցին «ԲԾԻԳ» ՊՀ-ի, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների, Դիլիջան խոշորացված համայքնի ներկայացուցիչները։

Գործուղման շրջանակներում «ԲԾԻԳ» ՊՀ-ի ներկայացուցիչները այցելեցին նաև Դիլիջանի պետական քոլեջ, որտեղ ծանոթացան ՊՀ-ի աջակցությամբ քոլեջին կից ստեղծված էկոակումբի ընթացիկ աշխատանքներին, պայմաններին, էկոակումբի ներկայացուցիչների հետ քննարկեցին առաջիկա անելիքները։