«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆոտովոլտային արևային կայանների հանձնում Շաղափ վարչական շրջանին

2022 թվականի փետրվարի 11-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանը, փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խոջոյանը և ՊՀ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցներն աշխատանքային այցով մեկնեցին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Շաղափ վարչական շրջան, որտեղ տեղի ունեցավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»  դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված երկու ֆոտովոլտային արևային կայանների պաշտոնական հանձնումը համայնքին։

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»  դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2019 թվականին մեկնարկած քառամյա Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝  բարձրացնելով հարմարվողականության մակարդակը: Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված  և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:

Երկու պոմպերի աշխատեցման համար նախատեսված 14կվտ և 24կվտ հզորությամբ արևային կայանների կառուցումն իրականացվել է Ծրագրի առաջին բաղադրիչի (Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում) շրջանակներում։ Կայանների շահագործումը հնարավորություն է տալիս բնակիչներին էլեկտրականության դիմաց գանձվող գումարի տնտեսման հաշվին կրճատել ոռոգման ծախսը։

Արևային կայանների հանձման արարողությանը մասնակցեցին «ԲԾԻԳ» ՊՀ-ի, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները, Վեդի խոշորացված համայքնի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը և Շաղափ վարչական շրջանի ղեկավար Մարո Առաքելյանը։