Աշխատանքային հանդիպումներ Տավուշի մարզում

2018 թ. հուլիսի 20-ին «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության ներուժի բարձրացում» դրամաշնորհային ծրագրի ամբողջական փաթեթի մշակման նպատակով «ԲԾԻԳ» ՊՀ տնօրեն Մ. Գալստյանը, տնօրենի տեղական Ս. Բալոյանը և էկոկրթական ծրագրերի բաժնի պետի ժ/պ Ռ. Շահազիզյանը աշխատանքային այց կատարեցին Տավուշի մարզի Դիլիջան համայնք: Այցի նպատակն էր՝

  1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք, Խաչարձան, Հաղարծին, Թեղուտ և Գոշ գյուղերի վարչական պատասխանատուների և մասնագետների հետ հանդիպումների կազմակերպումը:
  2. Ծրագրային հայտի հայեցակարգով նախատեսված գործողությունների տարածքների և ծավալների հստակեցումը:

Դիլիջան քաղաքում հանդիպում կազմակերպվեց քաղաքապետի, Աղավնավանք, Խաչարձան, Հաղարծին, Թեղուտ և Գոշ գյուղերի վարչական պատասխանատուների հետ: Մասնակիցներին համառոտ ներկայացվեց ծրագրային հայտի ամբողջական փաթեթի մշակման արդյունքները և այն խնդիրները, որոնք ծագել են փորձագետների այցելությունների ընթացքում: Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի, գյուղերի վարչական պատասխանատուների և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկել և վերջնականորեն հստակեցնել ընդհանուր օգտագործման  արևային չորանոցների (մրգերի և դեղաբույսերի), չտաքացվող ջերմատների, արևային ջրատաքացուցիչների բնակիչներին տրամադրման ընթացակարգը: Համաձայն հայեցակարգի դրանք պետք է տրամադրվեն համայնքներին և համայնքները իրենք պետք է որոշեն դրանք  ում տրամադրել: Որպես առաջնային չափանիշ է ընդունվել այն սկզբունքը, որ դրանք պետք է տրամադրվեն հասարակական կազմակերպություններին, դպրոցներին, մանկապարտեզներին, կանանց, երիտասարդական միություններին կամ այլ շահառու խմբերին: Չի բացառվում նաև տրամադրել բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին: Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշեցին նմանատիպ կառույցները տրամադրել համայնքներին, իսկ համայնքները, ծրագրի իրականացման ընթացքում մասնակցային մոտեցմամբ դրանք կտրամադրեն այն շահագրգիռ կողմերին, որոնք առավել արդյունավետ կօգտագործեն մրգերի և դեղաբույսերի արևային չորանոցները, չտաքացվող ջերմատները և կպարտավորվեն ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ապահովեն դրանց հասանելիությունը համայնքների այլ բնակիչների համար: Մասնակիցները քննարկեցին նաև արևային ջրատաքացուցիչների տեղադրման հնարավորությունները: Ընդհանուր էր այն կարծիքը, որ դրանք արդյունավետ են և համայնքային բյուջեներից կտնտեսեն բավականի գումարներ, որոնք կարող են օգտագործվել ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաև այլ համայնքային բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով: Սակայն կան որոշ տեխնիկական խնդիրներ: Ջրատաքացուցիչները պահանջում են մշտական ջրամատակարարում: Ներկայումս այդ հարցը լուծված չէ համայնքներում և բնականաբար անհնարին է արևային ջրատաքացուցիչների տեղադրումը: Քննարկումների մասնակիցները առաջարկեցին ծրագրում նախատեսել արևային ջրատաքացուցիչներ, այն ակնկալիքով, որ մինչ ծրագրի ֆինանսավորումը, հնարավոր կլինի մի շարք համայնքներում լուծել տեխնիկական այս խնդիրը: Հովք գյուղի վարչական պատասխանատուն խնդրեց ծրագրում ընդգրկել նաև գյուղը, որը մաս է կազմում Դիլիջան համայնքի: Աղավնավանք, Գոշ և Հաղարծին գյուղերի վարչական պատասխանատուների  և ծրագրի փորձագետների հետ դիտարկվեցին այն տարածքները, որտեղ նախատեսվում է հիմնել մրգատու այգիներ: Ընդհանուր էր այն տեսակետը, որ դրանք կնպաստեն բնակիչների եկամուտների ավելացմանը և այդ տարածքների հետագա դեգրադացման կանխարգելմանը: Կազմակերպված հանդիպումների ընթացքում քննարկվեցին լրացուցիչ այն աշխատանքների ցանկը, որոնք բնակիչները ցանկանում են իրականացնել: Դրանք հիմնականում վերաբերվում են հատապտղային և բանջարային  նոր այնպիսի սորտերի ներդրմանը, որոնք առավել հարմարված են կլիմայի փոփոխությանը և շուկայում ունեն մեծ պահանջարկ: Մասնակիցների կողմից մեկ անգամ ևս կարևորեցին գիտելիքների բարձրացման աշխատանքները: Ցանկություն հայտնվեց, որ սեմինարների թեմատիկայում ընդգրկվեն այնպիսի նյութեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսության աշխատանքների վարման արդյունավետության բարձրացմանը, էկոզբոսաշրջության զարգացմանը, նոր մշակաբույսերի ներդրմանը, դեղաբույսերի վերամշակման հնարավորությունների բացահայտմանը: