Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզեր

Ս.թ. հունիսի 22-23-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի էկոկրթական ծրագրերի իրականացման բաժնի պետի ժ/պ Ռ. Շահազիզյանը և դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետի ժ/պ Է. Ոսկանյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան (Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ և Հաղարծին) և Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքներ:

Գործուղման նպատակն էր՝

  1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ, Հաղարծին գյուղերի վարչական պատասխանատուների և Լոռու մարզի Մարգահովիտ, Ֆիոլետովո համայնքների համայնքապետերի, մասնագետների և բնակիչների  հետ հանդիպումների կազմակերպումը:
  2. Գիտելիքների և տեղեկացվածության վերաբերյալ կարիքների գնահատումը:
  3. Շահագրգիռ կողմերին «Տեխնոլոգիական գործողությունների պլանի պատրաստում», «Կլիմայական Տեխնոլոգիաների և տարածման խոչընդոտների հաղթահարում» ուղեցույցների ներկայացում և տրամադրում:

Դիլիջանի քաղաքապետարանում հանդիպում կազմակերպվեց քաղաքապետի,  քաղաքապետարանի մի շարք մասնագետների և «Էկոպոլիսի» բնապահպանական կենտրոն ՀԿ-ի հետ: Մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն   ներկայացվեց   «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների   հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի նպատակի, խնդիրների, առանձնահատկությունների և նախատեսվող այն  միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք կարող են նպաստել բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը: Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ, Հաղարծին գյուղերի վարչական պատասխանատուների  և բնակիչների  հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի հիմնադրույթները: Բնակիչների կողմից առանձնակիորեն կարևորվել են ոռոգման ջրի խնայողության, համայնքամերձ արոտների արտադրողականության բարձրացման, վարելահողերի բարելավման և էներգախնայողության աշխատանքները: Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներում ևս քննարկվեցին ծրագրով նախատեսված աշխատանքները՝ շեշտադրելով կլիմայի փոփոխության պայմաններում էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման կարևորությունը: Բոլոր բնակավայրերում բնակիչների հետ քննարկվել են ընդհանուր օգտագործման (արևային ջրատաքացուցիչներ, չորանոցներ, ջերմատներ) կառույցների արդյունավետ օգտագործման կազմակերպչական խնդիրները: Ընդհանուր էր այն կարծիքը, որ նպատակահարմար է համայնքում ստեղծել համատեղ օգտագործողների խմբեր և դրանց միջոցով կառավարել այդ կառույցները: Մասնակիցների կողմից  կարևորեցին նաև գիտելիքների բարձրացման աշխատանքները: Ցանկություն հայտնվեց, որ սեմինարների թեմատիկայում ընդգրկվեն այնպիսի նյութեր, որոնք կնպաստեն գյուղատնտեսության աշխատանքների վարման արդյունավետության բարձրացմանը, էկոզբոսաշրջության զարգացմանը, նոր մշակաբույսերի ներդրմանը, դեղաբույսերի վերամշակման հնարավորությունների բացահայտմանը: Նախօրոք մշակված հարցաթերթիկներով Դիլիջան քաղաքում, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ, Հաղարծին գյուղերում  սկսվել են  հարցումները՝ կարիքների բացահայտման նպատակով: Շահագրգիռ կողմերին ներկայացվել են «Տեխնոլոգիական գործողությունների պլանի պատրաստում», «Կլիմայական Տեխնոլոգիաների և տարածման խոչընդոտների հաղթահարում» ուղեցույցները: Նշվել է դրանց կարևորությունը դրամաշնորհային ծրագրային հայտերի մշակման գործընթացում: Դիլիջանի քաղաքապետարանին, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ, Հաղարծին գյուղերին և այլ ցանկացող անձանց տրամադրվել են ուղեցույցներ: