Ս.թ. հունիսի 13-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչներն Ուրցաձոր համայնքում էին: Ադապտացիոն հիմնադրամին ներկայացվող «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի ամբողջական փաթեթի մշակման շրջանակներում իրականացված գործուղման նպատակն էր`
- ՀՀ Արարտի մարզի ՈՒրցաձոր համայնքի համայնքապետի, համայնքապետարանի մասնագետների, մանկավարժական կոլեկտիվի և բնակիչների հետ հանդիպումների կազմակերպումը:
- Ծրագրում ընդգրկված տարածքների ուսումնասիրությունը:
- Գիտելիքների և տեղեկացվածության վերաբերյալ կարիքների գնահատումը:
ՈՒրցաձորի համայնքապետարանում, դպրոցում և Շաղափ գյուղի դպրոցում կազմակերպված հանդիպմանը մասնակիցներին ներկայացվեց «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում հողատարածքների հարմարվողականության ներուժի բարձրացում» ծրագրի նպատակը, խնդիրները և առանձնահատկությունները: Քննարկվեցին այն միջոցառումները, որոնք կարող են նպաստել համայնքի վարչական սահմաններում գտնվող բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը: Մասնակիցները կարևորեցին ծրագիրը և նշեցին, որ համայնքապետարանը և համայնքի բնակչությունը պատրաստակամ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ծրագրին՝ իրականացման բոլոր փուլերում: Համայնքապետի և Շաղափ գյուղի վարչական պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկվեցին ծրագրում ընդգրկման հնարավոր տարածքները՝ մասնավորապես համայնքամերձ դեգրադացված արոտավայրերը, խոտհարքները, վարելահողերը, ոռոգման ցանցի առավել վնասված հատվածները, ինչպես նաև այն տարածքները, որտեղ հնարավոր է հիմնել կաթիլային ոռոգմամբ պտղատու այգիներ և անտառ-այգիներ:
Նախօրոք մշակված հարցաթերթիկներով ՈՒրցաձորում և Շաղափում իրականացվեցին հարցումներ: