Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն պարոն Գ. Ներսիսյանը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) ազգային համակարգող պարոն Ա. Գաբրիելյանը, ծրագրի հարմարվողականության և մեղմման թիմերի համակարգողներ Վ. Մելիքյանը և Տ.Սեկոյանը, ՀՀ Ազգային ժողովի, բնապահպանության նախարարության, այլգերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԲՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրեն պարոն Գ. Ներսիսյանը, ով ներկայացրեց «Տեխնոլոգիական կարիքների գնահատում» ծրագրի իրականացման նախապատմությունը և ընթացքը:
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող պարոն Ա. Գաբրիելյանը ներկայացրեց «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթների կատարմանը նպատակաուղղված ՀՀ պաշտոնական հայեցակարգը: Դրանում, բացի մեղմման միջոցառումներից, ներառված են նաև կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումներն ու դրանց կենսագործմանը նպատակաուղղված տեխնոլոգիաների փոխանցման ու զարգացման հնարավորությունները:
Ծրագրի հարմարվողականության և մեղմման թիմերի համակարգողները ներկայացրեցին կոնկրետ տեխնոլոգիաների ներդրման գործողությունների պլանները, որոնց իրականացումը կնպաստի Հայաստանում ժամանակակից ու մատչելի տեխնոլոգիաների ընտրությանն ու ներդրման շարունակականությանը: